Վաշինգտոնը մտահոգված է վրաստանյան զարգացումներով

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում գրել է, որ ինքը և նախագահ Ջո Բայդենը «մեծ մտահոգությամբ» են հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Մայիսի 24-ով թվագրված նամակում, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մայիսի 27-ին, Հարիսը նշել է. «Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի ժողովրդավարությանը և խաթարել Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ»:

Փոխնախագահ Հարիսի խոսքով, ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օրենքի վրա դրած վետոն: Հարիսը նաև գրել է. «Վրաց ժողովուրդը հստակ հայտարարում է, որ ցանկանում է ապագա ունենալ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։ Նրանք կարծում են, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը սպառնում է այդ ապագային, հետևաբար, կտրականապես դեմ են դրան: Նրանք բոլոր իրավունքներն ունեն ձգտելու դեպի այդ ապագան, ուժ չպետք է օգտագործվի՝ միջամտելու նրանց խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատությանը»:

ԱՄՆ փոխնախագահը խոստանում է աջակցել Վրաստանին։ Դիմելով Զուրաբիշվիլիին՝ նա ասել. «Միացյալ Նահանգները կանգնած է ձեր և բոլոր վրացիների կողքին, ովքեր ձգտում են դեպի ավելի լավ ապագա»։