Վաշինգտոնը մտահոգված է Թբիլիսիում ընթացող զարգացումներով

ԱՄՆ պետքարտուղարության արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դերեկ Չոլլետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Տեղեկանում ենք Չոլլետի X սոցիալական ցանցում կատարած գրառումից:

Չոլլետը նշել է, որ ևս մեկ անգամ վարչապետ Իրակլի Կոբախիձեին է հաղորդել Վրաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները:

«Կառավարության թշնամական հռետորաբանությունը և հակաժողովրդավարական ​​օրենսդրության աջակցությունը սպառնում են Վրաստանի եվրաատլանտյան ապագային: ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում վերադառնալ Վրաստանի եվրատլանտյան ապագայի համար աշխատելու գործընթացին, ինչը վրացիների ճնշող մեծամասնությունն է ցանկանում»,- գրել է Չոլլետը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։