Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ սկսված բողոքի ակցիաները կապել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և նշել՝ «Վաշինգտոնը թույլ չտվեց, որ Վրաստանը դառնա ինքնիշխան»։
Վոլոդինն ընդգծել է, որ ըստ «ամերիկյան տեսության», միայն Միացյալ Նահանգներն ունի «անկախ որոշումներ կայացնելու իրավունք, ամեն ինչ պետք է տեղի ունենա Վաշինգտոնի թելադրած կանոններով»․
«Վրացի ժողովուրդը կշահեր «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» ընդունելու դեպքում, որը գործում է նաև ԱՄՆ-ում, բայց քանի որ Վաշինգտոնը չէր ցանկանում ընդունել այս օրենքը, որովհետև Վրաստանի վրա սեփական ազդեցությունը կսահմանափակվեր, օգտագործելով իր լծակները մարդկանց դուրս բերեց փողոց։
Ռուսաստանը կողմնակից է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելուն, և չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, ցանկանում է, որ Վրաստանը ինքնիշխան պետություն դառնա», — նշել է նա։
Վոլոդինի խոսքով՝ օրինագիծը խորհրդարանից հետ կանչելով՝ երկիրը կորցրեց ինքնիշխանության հնարավորությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 9-ին, խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները և ընդդիմադիր գործիչները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նախագահից արտահերթ նիստ և ռուսական օրենքի մերժման փաստի իրավական հիմքով արձանագրում պահանջելով:
Ավելի ուշ՝ իշխող կուսակցությունը բավարարեց ցուցարարների պահանջներն ու հայտարարեց բյուրոյի և լիագումար նիստերի մասին:
Րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը