
ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք «շատ բան կարող է տեղի ունենալ», և «Վրացական երազանք»-ի գործողություններին ի պատասխան պատրաստվում են «լրացուցիչ գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ», հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Չորս-հինգ շաբաթը երկար ժամանակ է: Շատ բան կարող է տեղի ունենալ: Այս վարչակազմին դեռ տեղ է մնացել: Ի վերջո, խոսքը մեր համերաշխության և վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումների աջակցության մասին է», — ասել է Պատելը դեկտեմբերի 18-ին Պետդեպարտամենտի ճեպազրույցում։
Պատելը կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքն ու ասել. «Մենք լրացուցիչ գործողություններ ենք նախապատրաստում, ներառյալ պատժամիջոցները՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր, մեր կարծիքով, խաթարում են ժողովրդավարությունը Վրաստանում»:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Բլինքենը հայտարարությամբ արձագանքել էր Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հայտարարել «Վրացական երազանք»-ի կառավարության դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին։
Հիշեցնենք. արդեն 22-րդ օրն է, ինչ Վրաստանի մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականի ավարտը Վրաստանն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների հարցը։ Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 ցուցարարի, այդ թվում՝ առնվազն 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան: