Վաշինգտոնը կասեցրել է Թբիլիսիին տրամադրվող ավելի քան 95 մլն դոլարի օգնությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ հայտարարությունը X սոցիալական ցանցում տարածել է Foreign Press USA-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է Վրաստանի կառավարության մայիսի 23-ի հակաժողովրդավարական գործողություններից հետո ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին:

Ըստ նրա՝ հենց այդ վերանայման հետևանքով Միացյալ Նահանգները կասեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն օգուտ էր բերում Վրաստանի կառավարությանը։

Բլինքենն ընդգծել է՝ Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին։

«Չնայած մենք առայժմ կասեցնում ենք օգնությունը Վրաստանի կառավարությանն այս գործողությունների պատճառով, սակայն ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ծրագրերին և գործողություններին, որոնք օգուտ կբերեն վրաց ժողովրդին, կամրապնդեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները և տնտեսական զարգացումը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։

Նշենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով, Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):