Վաշինգտոն-Թբիլիսի ռազմավարական գործընկերությունը դադարեցված է

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Միլլերը նշել է՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ափսոսանք են հայտնում Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելու որոշման կապակցությամբ։

«Մենք դատապարտում ենք ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, որոնք արդարացիորեն բողոքում են Սահմանադրության այս դավաճանության դեմ։ Եվրամիությունը բաստիոն է Կրեմլի դեմ: Ըստ այդմ, մենք դադարեցնում ենք մեր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ»,- X սոցիալական ցանցում գրել է Միլլերը։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։