
Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանում հանդիպել է Թբիլիսիի մի շարք բուհերի ուսանողներին:
Վաշաձեի խոսքով, իշխանափոխությունից հետո, երկիրը կթևակոխի գիտության և ինովացիայի վրա խարսխված տնտեսական զարգացման փուլ: Նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ կրթության ֆինանսավորումը կկրկնապատկվի, կներդրվեն արևմտյան երկրների համալսարանների ծրագրերը, ուսուցիչների աշխատավարձը կհասնի մինչև 1000 լարիի:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, ուսանողները Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումն ու անմիջական զրույցը դրական են համարել:
«Մենք զրուցեցինք կրթական ոլորտի հիմնախնդիրների, ինչպես նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ, անշուշտ՝ չշրջանցելով սպասվող ընտրությունները: Մենք՝ ուսանողներս, հույս ունենք, որ Վրաստանում կրթական հաստատությունները կզարգանան, մենք առաջ կշարժվենք»,- «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում ասել է ուսանող Սանդրո Գոձիաշվիլին: