Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեմպերը նվազել են. այս տարի վարորդական իրավունքի քննություն հանձնողների 55 տոկոսը գործնական մասի երկրորդ փուլի (իրական պայմաններում երթևեկություն) քննությունը չի կարողացել հանձնել:
Այդ մասին Business Press News լրատվամիջոցին ասել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալության Ռուսթավի քաղաքի կենտրոնական վարչության պետ Զուրաբ Կիկնաձեն:
Կիկնաձեն նշել է, որ 2024 թվականի 6 ամսվա տվյալներով՝ երկրորդ փուլի քննությանը մասնակցել է մոտ 31 հազար 200 քաղաքացի, որոնցից միայն 14 հազար (44,9 տոկոսն) քաղաքացի է հաջողությամբ հանձնել քննությունը։
Ըստ այդմ՝ պարզվում է, որ քննություն հանձնած 17 հազար 200 քաղաքացի, որը կազմում է 55,1 տոկոսը, վարորդական իրավունքի գործնական քննությունը չի կարողացել հանձնել իրական երթևեկության պայմաններում: Սակայն պետք է նշել, որ նրանք նրանք դեռ ժամանակ ունեն երկրորդ փուլն անցնելու համար։
«Ինչ վերաբերում է համեմատությանը, ապա 2021 թվականին տրված վարորդական վկայականների թիվը կազմում է 47 հազար 891, իսկ 2023 թվականին տրված վարորդական վկայականների թիվը՝ 27 հազար 255»,- նշել է Կիկնաձեն։
Ի դեպ, 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձել է երկփուլ։ Վարորդական իրավունքի քննություն հանձնողները՝ տեսական քննության հաղթահարումից հետո, բացի փակ հրապարակում գործնական քննություն անցնելուց, պետք է գործնական քննություն հանձնեն նաև իրական երթևեկությամբ (փողոցում):