
Վրաստանում 17-ամյա քաղաքացին այլևս չի կարողանա ստանալ վարորդական իրավունքի վկայական: «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ մոտոցիկլետ և թեթև մարդատար մեքենա վարելու իրավունք ձեռք բերելու համար քաղաքացին պետք է լինի 18 տարեկան:
Փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը պատկանում է ներքին գործերի նախարարությանը:
«Կարևոր չէ վարորդական իրավունք ստացողի տարիքը, կարևորը գիտելիքն է: Այսօր մենք մեծ խնդիր ունենք: Վարորդական դպրոցները քաղաքացիներին սովորեցնում են ծածկագրեր, թե ինչպես ստանալ վարորդական վկայական և ոչ թե գիտելիք տալիս: Մարդիկ քննությունն անցնում են առանց գիտելիքների, ստանում են վարորդական իրավունքի վկայական՝ ոչինչ չիմանալով ճանապարհային երթևեկության մասին», — ասում է «Ճանապարհային և տրանսպորտի ասոցիացիայի» նախագահ Դավիթ Մեսխիշվիլին:
Ներքին գործերի նախարարությունը «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պատրաստել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: