Իրական պայմաններում վարորդական իրավունքի քննություն հանձնելը վճարովի կլինի: Վճարը կկազմի 90 լարի (մոտ 29 դոլար)։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության փոխտնօրեն Իմեդա Մակասարաշվիլին:
Ըստ Մակասարաշվիլիի՝ տեսական թեստը հանձնելու արժեքը չի փոխվի և կկազմի 40 լարի (մոտ 13 դոլար)։
«Փակ հրապարակներում և տեսական քննության վճարը չի փոխվում։ Տեսական քննությունը հանձնելուց հետո քաղաքացին կարող է անցնել հինգ անվճար փորձ փակ հրապարակում, այս տեսանկյունից սահմանափակումը չի լինի։ Քաղաքում անցկացվող քննության վճարը տարբեր է, և ինչպես նշված է օրենքում, B և BE կատեգորիայի վճարը կկազմի 90 լարի (մոտ 29 ԱՄՆ դոլար)՝ մեկանգամյա փորձի համար», — ասել է Իմեդա Մակասարաշվիլին։
Օրինագիծն արդեն երրորդ ընթերցմամբ ընդունվել է։ Համաձայն նոր հաստատված կանոնակարգի՝ 2022 թվականի ապրիլի 25-ից վարորդական իրավունքի պրակտիկ քննությունը պարտադիր է լինելու B և BE կատեգորիաների համար իրական երթևեկության մեջ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր