Կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ Վրաստանի ողջ մասշտաբով ժամանակավորապես դադարեցվում են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է. քաղաքացիները, ովքեր արդեն ամրագրել են տեսական քննության ամսաթիվը, կարող են քննության ներկայանալ ծառայությունների վերականգնման օրվանից 30 օրվա ընթացքում, առանց նոր ամրագրման ու հերթերի: Տեսական քննությունը հանձնած քաղաքացիները հնարավորություն կունենան պրակտիկ քննություն հանձնել ծառայության վերականգնան օրվանից 30 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի պատճառով փոփոխություններ է կրել գրեթե բոլոր պետական գերատեսչությունների աշխատանքային ռեժիմը: Օրենսդիրն ու գործադիրն անցել են մեծամասամբ հեռահար աշխատանքի, Արդարադատության տները սպասարկում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն՝ տրամադրելով միայն ծննդյան և մահվան վկայական, մնացած գործարքները հետաձգվել են կամ արվում են առցանց: Փակ են պետական սահմանները, բոլոր ուսումնական հաստատությունները, ժամանցի վայրերը, առևտրի ու սննդի կետերը, թատրոններն ու թանգարանները, գիշերային ակումբները, խաղատները, տրանսպորտը գործում է սահմանափակումներով, երթուղային տաքսիները հանվել են քաղաքային ու միջքաղաքային երթուղուց:
Մարտի 18-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 38 է, որոնցից 4-ը նոր դեպքեր են, կարանտինային ռեժիմում գտնվում է 1130 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 81 պացիենտ, բուժվել է 1 քաղաքացի: