Թբիլիսիի մետրոպոլիտենի ամենամարդաշատ կայարաններից՝ Վարկեթիլիի վերանորոգման 18-ամսյա ժամկետը լրացել է, իսկ աշխատանքի մեծ մասը դեռ ավարտված չէ։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Թբիլիսիի տրանսպորտային ընկերության և ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի` Վարկեթիլիի մետրոյի վերականգնման աշխատանքը պետք է ավարտվի պայմանագրի ստորագրումից սկսած` 18 ամսվա ընթացքում։
Այդ ժամկետը լրացել է հունիսի 21-ին, սակայն աշխատանքները դեռևս ավարտված չեն։
Պայմանագրի համաձայն` հատակը պետք է փոխվեր 13,4 մլն լարիի արժողությամբ, թունելի պատերին տեղադրվեին կերամիկական սալիկներ, նախատեսված էր փոխել նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ։
«Ալիք Մեդիա»-ն կապ է հաստատել Թբիլիսիի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչու նշված ժամկետում աշխատանքները չեն ավարտվել, այդ թվում՝ ինչ փուլում են այժմ աշխատանքները։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովի խոսքով՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանում աշխատանքների ընթացքում չնախատեսված հանգամանք է բացահայտվել։ Մասնավորապես, առաստաղի ասբեստցեմենտի երեսպատման սալիկների ապամոնտաժումից հետո պարզվել է, որ երկաթբետոնե կամարի երկրաչափական ձևն անհամապատասխան է կամարի նոր երեսպատման համար, ինչն անհրաժեշտություն է առաջացրել լրացուցիչ հետազոտություններ և փոփոխություններ կատարել նախագծում։
Տնօրենը նշեց նաև, որ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է երկաթբետոնե կամարի վրա որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությունը և հարկավոր է կամարի հետևում գտնվող բացը լցնել ցեմենտային լուծույթով։ Այդ նպատակով պատրաստվում է համապատասխան նախագիծ, որն այժմ նախապատրաստման փուլում է։
«Չնայած այս ամենին, Վարկեթիլի մետրոյի կայարանի վերակառուցման աշխատանքները չեն դադարեցվել, դրանք իրականացվում են ստորին հորիզոնի սպասարկման տարածքում։ Իսկ ուղևորների նստեցման սրահում և շարժասանդուղքների թունելում աշխատանքները կթարմացվեն առկա նախագծով՝ փաստաթղթերի փոփոխությունից և համապատասխան գերատեսչությունների հետ պայմանավորվածությունից հետո»,- ընդգծել է Շարկովը։