Վարկ՝ Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաներին կապող նոր մայրուղու համար

Վրաստան-Հայաստան ու Վրաստան-Ադրբեջան սահմանները կապող ավտոճանապարհների կառուցման համար Վրաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) միջև 250 միլիոն եվրոյի վարկի պայմանագիր է կնքվել: Այս ճանապարհների կառուցման վարկի վերաբերյալ նախնական համաձայնագիրը ստորագրվել էր 2020 թվականին, թեև խորհրդարանում դրա վավերացման գործընթացը հիմա է ընթանում:

Փաստաթուղթը վավերացնելու համար «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի անդամներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին:

Ֆինանսական պայմանագրի համաձայն, Վրաստանին որպես վարկ 250 մլն եվրոն հատկացվելու է ոչ ավելի, քան 30 տարի ժամկետով, որից 7 տարին ներառում է արտոնյալ ժամկետ։ Նշված ֆինանսական միջոցները կուղղվեն Ռուսթավի-Ալգեթի, Ալգեթի-Կարմիր կամուրջ, Ալգեթի-Արափլո և Արափլո-Սադախլո մայրուղիների կառուցմանը և դրանց վերահսկողության ծառայություններին։

2025 թվականի պետբյուջեի նախագծում այս ճանապարհների ֆինանսավորումն արդեն նախատեսված է, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի ուղղությամբ նախատեսվում է ծախսել 510 մլն լարի, իսկ Հայաստանի ուղղությամբ՝ 300 մլն լարի։

Ծրագրի վրա 2025 թվականին կծախսվի 190 միլիոն լարի, 2026 թվականին՝ 280 միլիոն լարի, 2027 թվականին՝ 250 միլիոն լարի, 2028 թվականին՝ 90 միլիոն լարի։

Նոր մայրուղիները կսկզբնավորվեն Ռուսթավի քաղաքից, կկառուցվեն Կարմիր կամրջի և Սադախլոյի ուղղությամբ։ Ծրագրի վերաբերյալ միջազգային մրցույթներ արդեն հայտարարված են (լոտ 1 և լոտ 2, լոտ 3 և լոտ 4):

«Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո ճանապարհահատվածները Արևելք-Արևմուտք և Հարավ-Հյուսիս միջազգային ճանապարհային միջանցքների մի մասն են, որոնք Վրաստանը կապում են Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հետ։ Նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ կառուցվելու է 61,3 կմ, 4 գոտի, բետոնե արագընթաց՝ արտաքին լուսավորության համակարգով, 26 կամուրջ և 11 երթևեկության հանգույց, որտեղ կպահպանվեն միջազգային ճանապարհային անվտանգության բոլոր անհրաժեշտ պահանջները։

Ճանապարհահատվածների կառուցումը բաժանված է 4 լոտերի, որոնց համար հայտարարվել է երկու մրցույթ։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2025 թվականին, և բոլոր չորս հատվածների շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի աշխատանքների մեկնարկից 30 ամսում», — վրաստանյան bm.ge լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի հրապարակած տեղեկատվության մեջ։

Նոր 4 երթուղիներով ավտոճանապարհները հիմնականում կանցնեն գործող ճանապարհին կից։