Վրաստանում վառելիքի գինը վերջին 1 շաբաթում նվազել է 4-ից 10 թեթրիով, bm.ge լրատվականի փոխանցմամբ՝ հայտնում են Նավթամթերք ներմուծողների միությունից:
Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային գների նվազման միտումով պայմանավորված Վրաստանի մանրածախ ցանցում վառելիքի գների նվազումը շարունակվում է: Ըստ հաղորդագրության՝ այս օրերին դիզվառելիքի (L-62) գինը նվազել է 5 թեթրիով։
«Վառելիքի նշված կատեգորիայի գինը ընդհանուր առմամբ վերջին 2 ամսում նվազել է 20 թեթրիով։ Այստեղ պետք է ասել, որ այն վերադարձել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա գնին։
Հարկ է նշել, որ L-62 դիզվառելիքի հիմնական սպառողներն են գյուղատնտեսական, ենթակառուցվածքների շինարարական տեխնիկան, տարբեր տրանսպորտային միջոցները և ընդհանրապես թեթև մեքենաները։ Ըստ այդմ՝ գների նվազումը զգալի օգուտ է այս ոլորտում զբաղված մարդկանց համար»,- նշված է հաղորդագրության մեջ։