Վառելափայտը՝ առաջնային խնդիր Մառնեուլիի հայկական գյուղերում

Ձմռան շեմին դեռևս գազիֆիկացում չունեցող գյուղերի բնակիչների համար վառելափայտը օրհասական խնդիր է դառնում: 

Մառնեուլիի շրջանի Աղքյորփի, Չանախչի, Խոխմել, Օփրեթ, Խոժոռնի, Գյուլուբաղ, Բրդաձոր, ինչպես նաև Ծոփ գյուղերի բնակիչները բողոքում են. գյուղերը գազիֆիկացված չեն, իսկ վառելափայտն էլ տրվում է խիստ սահմանափակ:

«Ընդամենը 2,5 խորանարդ մետր վառելափայտ կարող ենք բերել անտառից: Բայց դա ոչինչ է: Մեծ ընտանիքներին նույնիսկ մեկ ամիս չի հերիքում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Խոժոռնի գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ նախորդ տարիներին վառելափայտի սահմանված չափը 5 խորանարդ մետր էր:

Գյուղացիները որպես առաջնահերթ հարց, խնդիրն առաջ են քաշել վերջերս Մառնեուլիի գյուղեր այցելած Քվեմո Քարթլիի նահանգապետի, Մառնեուլիի քաղաքապետի ու շրջանային պատգամավորների առջև:

Մառնեուլիի սակրեբուլոյում Խոժոռնի, Բրդաձոր, Գյուլուբաղ և Ծոփ գյուղերի վարչական միավորի պատգամավոր Արսեն Հախվերդյանը մեզ հետ զրույցում ասում է.

«Վառելափայտն սկզբում քիչ էին տրամադրել, մեր միջնորդությունից հետո ղեկավարությունը խոստացել է՝ ավելացնել չափը», — ասում է Հախվերդյանը՝ նշելով, որ միայն իր վարչական միավորում 600 ընտանիք է ապրում, «եթե բոլորին հատկացվող փայտի չափը 5 խորանարդ մետրով հաշվենք, ապա 3000 խորանարդ մետր վառելափայտ է ստացվում, իսկ դա մեր տարածքից հայթայթելը գրեթե հնարավոր չէ»:


Վառելափայտը խնդիր է նաև հայկական անտառներով շրջապատված Վրաստանի հայաբնակ Աղքյորփի և Չանախչի գյուղերում: Այստեղ գյուղացիներն արդեն ստացել են 6 մետր խորանարդ փայտի թույլտվության կտրոն (վաուչեր), սակայն, ըստ նրանց, աշխատանքի բացակայության, ծանր սոցիալական վիճակի հետ կապված դժվար է փայտը տուն հասցնել:

Վերոնշյալ գյուղերի մի մասը գտնվում են հայ-վրացական սահմանին, որը դեռևս վերջնականորեն սահմանազատված չէ, սակայն այս պահին խիստ հսկողություն է իրականացվում երկու երկրների սահմանապահների կողմից։ Գյուղացիները երանությամբ են հիշում այն օրերը, երբ կարողանում էին իրենց տներին մոտ գտնվող անտառներից փայտ բերել։

Գյուղացիներին արգելվում է սահմանին մոտենալ, ոչ միայն փայտը, անտառների բերք ու բարիքը ևս նրանց համար անհասանելի է դարձել։