Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիային անվանել է ոչնչություն:
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, Արախամիան և վրացական «ծայրահեղական» ընդդիմությունը գործել են համակարգված և փորձել են հեղաշրջում կազմակերպել Վրաստանում։
Ղարիբաշվիլին Արախամիային կոչ է արել «իր հոգսը հոգալ»։
«Փաստ է, որ հասարակությունը շատ է տեսել այս համակարգումը, համաձայնեցված գործողությունները։ Իհարկե, շատ ցավալի է, որ պարոն Արախամիան անմիջականորեն ներգրավված է մեր երկրի ներքին գործերին։ Նրան ոչ ոք չի հարցնում, թե ինչպես են մեր ժողովուրդն ու իշխանությունը կազմակերպելու մեր գործերն ու մեր քաղաքականությունը… Մաղթում եմ Ուկրաինային վերադարձնել իր տարածքները, խաղաղություն և այս պատերազմի շուտափույթ ավարտ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ի դեպ, Արախամիան ընդդիմադիր «Մթավարի արխի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս փուլում պատժամիջոցների կիզակետում հայտնվել է Իվանիշվիլիի շրջապատի միայն 6 անդամ։
«Մենք ունենք պատժամիջոցների կիրառման շատ արագ համակարգ, բայց կրկնում եմ՝ Վրաստանը բարեկամ է, և մենք սկզբում նախազգուշացումով կսահմանափակվենք»- , ասել է Արախամիան։