Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անդրադարձել է նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի խոստումներին։
«Չեմ կարծում, թե որևէ այլ ժողովրդավարական երկրում նախընտրական քարոզարշավներում գրանցված լինի այսքան սուտ, անհիմն խոստումներ ու ապատեղեկատվություն»,- ասել է Բախտաձեն՝ ուշադրություն հրավիրելով հատկապես կենսաթոշակների բարձրացման մասին Վաշաձեի հայտարարության վրա։ Հիշեցնենք՝ նախագահի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում կենսաթոշակները հասցնել 400 լարիի:
«Ցանկանում եմ օգտվելով առիթից պատասխանել: Եթե մեր ընդդիմախոսները պարզ հաշվարկ անելու ունակություն չունեն, մի քանի հաշվիչ կարող ուղարկել նրանց: Խոսքը հավելյալ երկու միլիարդ լարիի մասին է, որը ավելի շատ է, քան բժիշկների, զինվորների, ոստիկանների, ուսուցիչների ու այլ գերատեսչությունների աշխատակիցների ընդհանուր աշխատավարձը: Չե՞ն ամաչում, որ մեր տատիկներին ու պապիկներին նման ստեր են ասում»,- հայտարարել է Բախտաձեն: