
Վրաստանի քաղաքային դատարանը «Ամոթ է» քաղաքացիական շարժման ակտիվիստ, ընդդիմադիր հայացքներով «Մթավարի» հեռուստաընկերության լրագրող Նոդար Ռուխաձեին 2000 լարի տուգանք է նշանակել (մոտ 600 դոլար): Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Ռուխաձեին բերման են ենթարկել Վրաստանի խորհրդարանի դիմացից։ Ոստիկանությունը նրան տարել է այն բանից հետո, երբ ակտիվիստը բարձրախոսով վանկարկել է «ստրուկներ, խայտառակ ստրուկներ»` այս կերպ իր բողոքն արտահայտելով ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման հետ կապված։
Ռուխաձեին մեղադրել են վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու մեջ. ըստ ակտիվիստի` ոստիկանները որպես բերման ենթարկելու պատճառ են նշել «հատուկ ագրեսիվությունը», իսկ բերման ենթարկելու արձանագրության մեջ նշված է եղել` «Ստրուկ է անվանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»։