Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ:
Վարչապետի հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.
«Այսօր մենք ողջ միջազգային հանրության հետ միասին հարգում ենք Հոլոքոստի միլիոնավոր զոհերի վառ հիշատակը։
Մենք առանձնահատուկ հարգանք ենք տածում նրանց հանդեպ, ովքեր հրաշքով փրկվել են մարդկության պատմության ամենաողբերգական դեպքերից:
Այսօր մենք վերահաստատում ենք մեր պատասխանատվությունը՝ երբեք թույլ չտալու, որ նման ողբերգություն կրկնվի, և մեր հանձնառությունը՝ դիմակայելու ատելության բոլոր ձևերին, կառուցելու ավելի ապահով և ազատ աշխարհ»:
Հոլոքոստի զոհերի հիշատակության միջազգային օրը (International Holocaust Remembrance Day) հունվարի 27-ին է նշվում, այդ օրը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2005-ի նոյեմբերին: Փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, ևս 90 երկիր համահեղինակ է:
Հունվարի 27-ը պատահմամբ չի ընտրված, այդ օրը սովետական զորքերը ազատագրել են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը, որը անվանվել է մահվան ճամբար: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1941-45 թվականներին 1,4 մլն մարդ է խոշտանգվել, ավելի քան մեկ միլիոնը՝ հրեաներ: