Վրաստանի վարչապետ Գիորգի Գախրիան այսօր հրաժարական տվեց: Երկրի արդեն նախկին ղեկավարը հայտարարեց, որ իր որոշումը կապված էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային կալանավորելու որոշման հետ, քանի որ ըստ նրա երկրում քաղաքական ճգնաժամը այս քայլով էլ ավելի է խորանալու:
Վարչապետի հրաժարակը միաձայն ողջունեց ընդդիմությունը: Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ վարչապետի հրաժարականը լավագույն միջոցն է վերջնականապես համաձայնության հասնելու և վերացնելու երկրի քաղաքական ճգնաժամը:
Նիկա Մելիայի խոսքով` երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ ճանապարհն արտահերթ ընտրություններ նշանակելն է:
«Մենք հույս ունենք, որ այս ռեժիմի ներկայացուցիչների հետ կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկենք հարցեր՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- հայտարարել է Մելիան:
«Շինարար ռազմավարության» առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով` վարչապետի հրաժարականից հետո հույս է առաջացել, որ կողմերը չեն գնա առճակատման և կհասնեն համաձայնության:
«Մեր նպատակն է, որ այս երկրում ավարտվի քաղաքական հաշվեհարդարը և սկսենք գործ անել: Ամբողջ ընդդիմությունը համաձայնում է սրա շուրջ»,- հայտարարել է Վաշաձեն:
Մեկ այլ ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեն կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել «Վրացական երազանքին»` միջազգային գործընկերների և ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համաձայնության՝ ազատ արձակելով քաղբանտարկյալներին և նշանակելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ինչ վերաբերում է իշխող թիմին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վարչապետի հրաժարականից հետո անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ վերջինիս որոշումն իրենց թիմի համար ցավալի է, սակայն առաջիկայում կուսակցությունը նիստ կանցկացնի և կառաջադրի վարչապետի թեկնածուին:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, իշխող թիմն այս պահին միասնական է և թույլ չի տալու երկրում անկայունություն ստեղծվի:
Իշխող թիմի մեկ այլ ներկայացուցիչ Նիկոլոզ Սամխարաձեի հայտարարությամբ էլ` արտահերթ ընտրությունների հարցն առաջ կգա միայն այն դեպքում, եթե խորհրդարանը չընտրի նոր վարչապետ ու կառավարություն: Նրա խոսքով` վարչապետի ցանկացած թեկնածու, ով ներկայացված կլինի քաղխորհրդի կողմից, կստանա համապատասխան աջակցություն:
«Հստակ ուզում եմ նշել, որ մեր քաղաքական թիմը միասնական է: Պետական հաստատությունները լրիվ պատրաստ են, որպեսզի բոլոր հանրային գործառույթներն ու պետական ծառայություններն անխափան շարունակվեն»,- հայտարարել է Թալակվաձեն:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, խորհրդարանը նոր վարչապետ և կառավարության կազմ ընտրելու համար ունի 2 շաբաթ ժամանակ: Նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի մեծամասնության՝ նվազագույնը 76 պատգամավորի աջակցությունը:
Եթե խորհրդարանը սահմանված ժամկետում չի ձևավորում նոր կառավարություն, Վրաստանի նախագահը ցրում է խորհրդարանը և նշանակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։