ԱՄՆ սենատոր Ջին Շահինը «Ամերիկայի ձայն»-ի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում խոսել է վարչապետի հետ ունեցած հանդիպման մասին:
«Վարչապետի հետ հանդիպումից հետո ես շատ մտահոգված եմ: Ավելի քան 30 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Վրաստանի դեմոկրատական ձգտումներին։ Հիասթափեցնող է այն փաստը, որ Վրաստանի վարչապետը ցանկանում է վերականգնել հարաբերությունները, բայց կոնկրետ քայլեր չի ձեռնարկում»,- ասել է սենատորը:
Շահինն ընդգծել է նաև այն փաստը, որ Թբիլիսի կատարած այցի ընթացքում «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մերժել է հանդիպման խնդրանքը։ Սենատորի հաղորդմամբ՝ այցի ընթացքում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ քննարկում չի եղել։
Սենատորը նաև հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները կլինեն ազատ և արդար` հավելելով նաև, որ իրենք աջակցում են ընտրության մասնակիցներին և ակնկալում բարձր ակտիվություն։