Վարչապետի «դավադրության տեսության» հետքերով

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներն իրենց դավադրության տեսություններով փորձում են նախընտրական շրջանում վախեցնել և՛ ընդդիմադիրներին, և՛ հասարակությանը. իշխող թիմը ձգտում է վախի մթնոլորտն օգտագործել ի շահ իրենց, բայց դա կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ: Այս տեսակետին են հակված վրաստանյան փորձագիտական շրջանակները:

Ըստ փորձագետների՝ սեպտեմբերի 4-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի արած հայտարարությունը, թե, բացի «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիից, հարձակման վտանգի տակ են նաև «արմատական ​​ընդդիմության առաջնորդները», վկայում է այն մասին, որ իշխող թիմը նախընտրական օրակարգ չունի. և միակ բանը, որ մնացել է՝ կեղծ պատերազմի, «գլոբալ պատերազմի կուսակցության» և այլ միֆերով ընտրողների ուշադրությունը երկրում առկա հիմնարար խնդիրներից շեղելն է:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդները դեմագոգիայով են զբաղված. փորձում են իրենց դավադրության տեսություններով քաղաքական օրակարգ ձևավորել, որը հետագայում կօգտագործեն իշխանությունը պահելու համար: Զաքարեիշվիլին ընդգծեց՝ իշխող կուսակցության հայտարարությունները ներքին լսարանի համար են, միջազգային արձագանքի համար չեն:

««Վրացական երազանք»-ը փորձում է ընտրողներին շփոթության մեջ գցել, որից հետո իրենց «փաստարկներով» կձգտեն ընտրություններին ի շահ իրենց օգտագործել նրանց: Իշխող թիմը կարծում է, թե այդ թեմաներից խոսելով (դավադրության տեսությունների — հեղ.) կկարողանա ազդել ընտրողների հուզականության վրա, ինչն էլ փաթեթավորում է դեմագոգիայով և հրամցնում նրանց»,- ասաց Զաքարեիշվիլին:

Նկատենք՝ Կոբախիձեն թե՛ Իվանիշվիլիի, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների վրա հավանական հարձակման համար կրկին մեղադրել է «օտարերկրյա ուժերին», որի տակ իշխող թիմը նկատի է ունենում, այսպես կոչված, «գլոբալ պատերազմի կուսակցությանը», ինչն իշխող թիմի հիմնական ապատեղեկատվական նարատիվներից է:

Ընդդիմադիրների գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ը յուրաքանչյուր ընտրություններից առաջ օրակարգ է բերում Կրեմլում գրված սցենարը: Ըստ ընդդիմադիրների՝ իշխող թիմի հայտարարութունները ոչ այլ ինչ են, քան սեփական ժողովրդի շարքերում վախի մթնոլորտի ստեղծում նախընտրական շրջանում:

Վերլուծաբան Շոթա Ուտիաշվիլիի խոսքով, Կոբախիձեի հայտարարություններն այն մասին չեն, որ իսկապես վտանգ կա Իվանիշվիլիի կամ ընդդիմադիր առաջնորդների վրա հարձակման. Կոբախիձեի հայտարարությունները նախընտրական բոլոր օրակարգերը սպառել են:

«Սա հերթական այն թեմաներից է, որ ժողովրդի մեջ վախ առաջանա՝ հնարավո՞ր է իսկապես վտանգ լինի ընտրութունների օրը, և մնան տանը: Սրանից այն կողմ Կոբախիձեի հայտարարությունը բովանդակություն չունի»:

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ապատեղեկատվական նարատիվները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ նոր երանգ են ստացել՝ դավադրության տեսությունների տեսքով. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի  «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ստիպում է այլ պետությունների ինչ-ինչ քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»: