Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Կիևում Վրաստանի դեսպանատան կատարած աշխատանքի համար։
«Ռուսաստանի ռազմական ագրեսիան իրականում գլխիվայր շրջել է ողջ աշխարհը։ Երբ այլ երկրների դեսպանատները հեռացան Կիևից, մեր դեսպանատունը և դեսպանը տեղում շարունակեցին կատարել իրենց պարտականությունները մինչև վերջին րոպեն։ Ես շնորհակալ եմ մեր դեսպանատանը, Ուկրաինայում մեր դեսպանին, յուրաքանչյուր աշխատակցի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա ընդգծել է, որ այսօրվա իրադարձությունները «մեծ մարտահրավեր են բոլորի համար»։
«Մեր հայտարարած ցանկությունն է, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ պատերազմը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի, մեր տարածաշրջանի անվտանգության համար»,- ասել է Ղարիբաշվիլին՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ .
Նշենք, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին՝ Վրաստանի նախկին փոխվարչապետը և արտաքին գործերի նախկին նախարարը, այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա ապրիլին։