Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը պաշտպանող բանաձևին՝ հատուկ շնորհակալություն է հայտնել Չինաստանին, որը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
«Շնորհակալություն Չինաստանին՝ նախկինում ընտրած դիրքորոշումը պահպանելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ Չինաստանը հաստատապես ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սա Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն է։
Կոբախիձեն նաև ողջունել է փաստը, որ տարեցտարի ավելանում է բանաձևի կողմնակիցների թիվը. «Անցյալ տարի առաջին անգամ մեզ հաջողվեց հասնել բանաձևի եռանիշ աջակցության, իսկ այս տարի ունեցանք ռեկորդային թիվ՝ 103 երկիր, որոնք պաշտպանում են մեր բանաձևը: Սա արտաքին գործերի նախարարության առանձնահատուկ աշխատանքի արդյունքն է»:
Ի դեպ, 2023 թվականի հուլիսի 31-ին հրապարակվել է Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարություն։