Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աղետի գոտում՝ Վրաստանի Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում համախմբման կոչ է արել։
«Ես կցանկանայի մի բան խնդրել, նման դժվարին պահերին բոլորս համախմբվենք և աղոթենք տուժած ընտանիքների համար», — ասել է Ղարիբաշվիլին։
Լրագրողների հետ զրուցում վարչապետն ասել է՝ նման կատակլիզմներ, նման ողբերգություններ ու աղետներ լինում են ցանկացած երկրում։ Ըստ վարչապետի՝ ցանկացած խոսակցություն այն մասին, թե սրանից կարելի էր խուսափել, շատ անլուրջ է:
Կառավարության ղեկավարի խոսքով, աղետի գոտում հարևան երկրների օգնության կարիքը չկա։
Արևմտյան Վրաստանի Ռաճայի բարձր լեռնային շրջանում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում։ Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։
Զոհերի թիվը հասել է 11-ի, ավելի քան 30 մարդ անհետ կորած է համարվում։
Փրկարարներն աղետի գոտուց անվնաս դուրս են բերել ավելի քան 200 մարդու։ Վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ փրկարարական խմբին է միացել նաև բանակը:
Ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: