Վարչապետը նախագահին «էնջեոշնիցա» է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «հոգով ու սրտով էնջեոշնիկ կամ էնջեոշնիցա» է անվանել։

Այս մասին վարչապետը հայտարարել է՝ ի պատասխան Զուրաբիշվիլիին դատախազություն հարցաքննության կանչելու վերաբերյալ հարցին։ Ի դեպ, Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով՝ հարցաքննության կանչելով նախագահ Զուրաբիշվիլիին։

Կոբախիձեն համոզված է, որ նախագահը փաստեր չունի ներկայացնելու: Վարչապետն ասել է՝ Զուրաբիշվիլին կամ որևէ մեկը, «եթե որևէ ապացույց ունեն, թող ներկայացնեն դատախազություն, համապատասխան կառույցներ, այլ ոչ թե բանավոր խոսեն մի բանի մասին, որն իրականում տեղի չի ունեցել»:

«Հիշեցնում եմ, որ նա (Զուրաբիշվիլին-հեղ.) հոգով ու սրտով ճիշտ է էնջեոշնիկ կամ էնջեոշնիցա է, բայց նա նաև պետական ​​քաղաքական պաշտոնյա է: Նա տարբեր պարտականություններ ունի, անտեղի խոսելու իրավունք չունի, եթե ինչ-որ բանի վերաբերյալ փաստեր ունի, պետք է այդ փաստը ներկայացնի դատախազություն, թեև՝ վստահ եմ՝ քանի որ փաստեր չունի, չի համարձակվի ներկայանալ դատախազությանը, չի կարող որևէ տեղեկություն տալ դատախազությանը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ»,- ասել է Կոբախիձեն։

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի նախագահը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները «անհիմն մեղադրանքներով հարձակվում են ԿԸՀ-ի վրա, վնասում ԿԸՀ-ի հեղինակությանը»։

Հայտարարության մեջ ԿԸՀ-ն դատախազությանը հանձնարարել է «պարզել հանգամանքները, արդյոք նախագահի և քաղաքական գործիչների հայտարարությունները համապատասխանում են իրականությանը», սկսել և իրականացնել հետաքննություն։