Վրաստանի կառավարությունը պատրաստ է ներգրավվել օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացում, որի նպատակը, ըստ իշխող կուսակցության՝ «հասարակության պաշտպանությունն է»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հարցերին պատասխանելիս խոսել է ԼԳԲՏ արտահայտությունը սահմանափակող նախագծի մասին։
Նրա խոսքով, գլխավորն այն է, որ մշակված փաստաթուղթը չի հակասում Սահմանադրությանը. «Ես հասկանում եմ խորհրդարանական մեծամասնության մտահոգությունը, տարբեր երկրներում կան լուրջ միտումներ, որոնք ուղղակիորեն արտացոլված են վիճակագրության մեջ: Այն, որ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է հանրությանը պաշտպանել Վրաստանում նման գործընթացների հնարավոր զարգացումից, միանգամայն հասկանալի է»:
Ընդգծենք՝ Վրաստանի Սահմանադրության համաձայն, բոլոր մարդիկ հավասար են, և չի կարելի մարդուն հետապնդել նրա կարծիքի և արտահայտվելու պատճառով։
Հիշեցնենք. երեկ՝ փետրվարի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն լրագրողներին ասել է, որ նախատեսում են մշակել օրենքի նախագիծ, որի նպատակն է՝ պաշտպանել «հասարակությունը կեղծ ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»: 2023 թվականի մայիսի 3-ին, Մդինարաձեն ասել էր, որ «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրենքի ընդունում չի դիտարկվում։