Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից կոնգրեսական Ջո Ուիլսոնին ուղարկված նամակին, այս համատեքստում ամերիկացի քաղաքական գործչի մշակած MEGOBARI Act-ը «ցինիկ» է որակել:
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնված MEGOBARI Act-ը ոչ թե բարեկամական, այլ թշնամական է և կվնասի Վրաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին։
Ուշագրավ է նաև, որ Վրաստանի իշխող կուսակցության հակաարևմտյան հռետորաբանության շրջանակներում Կոբախիձեն կրկին մեղադրել է ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին «հեղափոխության երկու փորձի» համար։
«Եվ այս ֆոնին, երբ մարդիկ մտածում են ոչ թե (վրաց-ամերիկյան հարաբերությունները — հեղ.) վերականգնման ու զարգացման մասին, այլ վատն է՛լ ավելի վատացնելու մասին, ցավալի է։ Կոչ եմ անում նրանց գործել պրագմատիկ և իրենց ներդրումն ունենալ վրաց-ամերիկյան հարաբերություններում»,- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն, խոսելով ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության մասին, ասել է. «ՀԿ-ների օգնությունը չէր կարող օգտագործվել որպես օգնություն»։ Ինչ վերաբերում է Վրաստանին պաշտպանական օգնությանը, ապա, նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ն նվազեցնի այդ աջակցությունը, ապա դա վնասակար կլինի նաև իր համար։ Կոբախիձեն ԱՄՆ-ին «պրագմատիկ գործողությունների» կոչ է արել:
Հիշեցնենք. ԱՄՆ կոնգրեսական Ջոն Ուիլսոնի օրինագիծը՝ MEGOBARI Act-ը, նախատեսում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների բարելավում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացում, եթե իշխող «Վրացական երազանքը» հրաժարվի «գործակալների օրենքից»: Վերջինս ուղղված է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, և պատժամիջոցներ է նախատեսում դրանց խախտման համար։
Իշխող թիմը, ԱՄՆ-ի հետ վիզայի ազատականացման և աջակցության փոխարեն, ընտրում է «ռուսական օրենքը»