Վարչապետը կոչ է անում չեղարկել ՀԿ-ների վերաբերյալ որոշումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության Facebook-յան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ կապված Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից հասարակական կազմակերպությունների (ՀԿ) դեմ ընդունած որոշումների հետ։

Կոբախիձեն նպատակահարմար է համարում, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) և այլ կազմակերպություններ պետք է հանվեն Հակակոռուպցիոն բյուրոյից ստացած «նախընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ» կարգավիճակից։ Բացի այդ, վարչապետը Հակակոռուպցիոն բյուրոյին կոչ է անում օգտվել իրավական հայեցողությունից և խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռնպահ մնալ «նախընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ» կարգավիճակ տալուց։

Չնայած Հակակոռուպցիոն բյուրոյի ուղղված կոչին, վարչապետը նշել է՝ TI-ի վերաբերյալ կայացված որոշումն օրինական է եղել։

«Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը իրավական տեսանկյունից հիմնված է ճշմարտության ամենաբարձր չափանիշի վրա և լիովին համապատասխանում է Վրաստանի «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրգանական օրենքի պահանջներին։ Ըստ այդմ, զարմանալի չէ, որ Հակակոռուպցիոն բյուրոյի որոշման վավերականությունը հաստատել է նաև առաջին ատյանի դատարանը»,- ասված է հաղորդագրությունում։

Կոբախիձեն նպատակահարմար է համարում կարգավիճակի վերացումը՝ ընտրական գործընթացում արտաքին շահարկումներից խուսափելու համար։

TI-ը սեպտեմբերի 30-ին հայտարարեց, որ իր 24-ամյա պատմության մեջ առաջին անգամ չի կարողանա դիտորդական առաքելություն իրականացնել Վրաստանի ընտրություններում։ Պատճառը Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումն էր՝ TI-ին «նախընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտ» ճանաչելու մասին։

TI-ը հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը անօրինական է գնահատել, ըստ որի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» և «Ընտրի՛ր Եվրոպա» ՀԿ-ներ և տնօրենները հայտարարվել են որպես «ընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ»: ՀԿ-ները կարծում են՝ նման գործելաոճը կարող է գործիք լինել քաղաքացիական շարժումների գործունեությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել Հակակոռուպցիոն բյուրոյի որոշման կապակցությամբ։

Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը՝ հերթական ռեպրեսիա քաղհասարակության դե՞մ. կարծիքներ