Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային նոր տնօրեն Ռոլան Պրայսի հետ. նա կպաշտոնավարի սեպտեմբերի 1-ից։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը շնորհավորել է Պրայսին նոր պաշտոնի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա գրտնվող Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի պաշտոնակատար Սեբաստիան Մոլինոյին՝ Վրաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար։
Վարչապետը հաջողություն է մաղթել Ռոլան Պրայսին և Սեբաստիան Մոլինոյին հետագա աշխատանքում։
«Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության դինամիկան։ Վարչապետն ընդգծել է Համաշխարհային բանկի կողմից անկախության ձեռքբերումից հետո Վրաստանի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումը։ Նշվել է, որ երեք տասնամյակ Համաշխարհային բանկը կարևոր դեր է խաղացել Վրաստանի տնտեսության զարգացման, աճի և արդիականացման գործում։
Համաշխարհային բանկի ներկայիս պորտֆելը բաղկացած է 15 ակտիվ ներդրումներից և կազմում է 1,5 միլիարդ դոլար:
Կառավարությունում կայացած հանդիպմանը քննարկվել են առկա համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: