Այսօր՝ ժամը 17:00-ին, Վրաստանի կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույց կանցկացնի:
Ամենայն հավանականությամբ, Ղարիբաշվիլին կհայտարարի իր հրաժարականի մասին։ Հատկանշական է, որ այսօր՝ ժամը 14:00-ին, տեղի է ունեցել Վրաստանի կառավարության նիստ, սակայն վարչապետը կամ նախարարները հայտարարություններ չեն արել։
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին կլքի վարչապետի պաշտոնը, այն կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Ըստ ԶԼՄ-ների՝ Ղարիբաշվիլին կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։
Ի դեպ, Ղարիբաշվիլիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը ակտիվացան այն բանից հետո, երբ կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։
«Վրացական երազանք»-ի նորացված կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս պաշտոնը զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլին, ով երրորդ անգամ է վերադարձել քաղաքականություն։
Կադրային փոփոխությունների մասին տեղեկությունը երեկ հայտնել էր ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որ նաև «Վրացական երազանք»-ի անդամ է, պատասխանելով վարչապետի փոփոխության մասին հարցին, ասել էր, որ «նման շահարկումներ բազմիցս եղել են», և «չեմ կարող մեկնաբանել դրանք»։
«Մթավարի արխի»-ի տեղեկություններով՝ մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին, արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կլքեն իրենց պաշտոնները։
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ 2021 թվականի փետրվարի 22-ից։ Իշխող կուսակցությունը նրան կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակեց այն բանից հետո, երբ այն ժամանակվա վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին։
Ղարիբաշվիլին քաղաքականություն է մտել 2012 թվականին «Վրացական երազանք»-ով։ Նա մեկ տարի եղել է ներքին գործերի նախարարը, իսկ 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինել է Բիձինա Իվանիշվիլիին։ Նա երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականի վերջը. դեկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանքի» կառավարություն Գախարիայի վարչապետության օրոք։
Կոբախիձեն զբաղեցրել է 2016 թվականի գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնը, իսկ 2021 թվականի հունիսի 21-ին Թբիլիսիում տեղի ունեցած «Գավրիլովի գիշեր» բազմահազարանոց հանրահավաքից հետո հրաժարական տվեց: Կոբախիձեն «Վրացական երազանքի» նախագահն է 2021 թվականից, նա նաև այս կուսակցության ներկայացուցիչն է խորհրդարանում։