Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:
Պատվիրակությունը գլխավորում է Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Վենետիկի հանձնաժողովի համագործակցությունը, որը դինամիկ զարգանում է։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սիմոնա Գրանատա-Մենգինին կառուցողական համագործակցության և վրացական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու գործընթացում ունեցած ներդրման համար և նշել, որ Վենետիկի հանձնաժողովը կարևոր դեր է խաղում սահմանադրական և նորմատիվ դաշտի և Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ խորհրդակցություններում։
«Ուշադրություն է դարձվել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականին։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի պատմական հանձնարարականը որոշում է Վրաստանի եվրոպական ապագան։ Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը շարունակում է զգալի առաջընթաց գրանցել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, և այս գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը չափազանց կարևոր է։ Վարչապետը պատվիրակության անդամներին տեղեկացրել է եվրաինտեգրման ճանապարհին արդեն իսկ իրականացված բարեփոխումների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ երկկողմ համագործակցությունը։