Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։
Ղարիբաշվիլին շնորհավորել է Ռոբին Դաննիգանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։
Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հարցը, կարծիքներ են փոխանակվել ընթացիկ խնդիրների շուրջ, երկուստեք հայտնել են երկու երկրների միջև բազմակողմ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն։ Ուշադրություն է դարձվել նաև անվտանգության առումով առկա մարտահրավերներին։ Խոսելով տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին՝ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Հանդիպումից հետո Ռոբին Դաննիգանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և բոլորն անհամբեր սպասում են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության ու բարեկամության հետագա խորացմանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական խորհրդական Մարկ Նորդբերգը և Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր