Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարությունը:
Ըստ տեղեկության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ և ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Ղարիբաշվիլին ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համախմբված ջանքերի կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանելու կարևորությունը։
«Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ երկրի եվրաինտեգրումը Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունն է, և ղեկավար թիմն անում է ամեն ինչ՝ նպատակին հասնելու համար։ Վարչապետը նշել է, որ ողջունում է Ռոբին Դաննիգանի՝ Վրաստանում դեսպան նշանակումը»,- նշել է վարչապետը:
Իրակլի Ղարիբաշվիլին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Սալիվանի հետ հանդիպմանը։
«Ես ուրախ եմ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպելու համար։ Մենք քննարկեցինք մեր ռազմավարական գործընկերությունը և ընդգծեցինք դրա կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների լուծման գործում»,- գրել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին հանդիպումներ է ունենում Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։