Վարչապետը Գերմանիայի դեսպանին ընդդիմության աջակից է անվանել

Լուսանկարը՝ netgazeti.ge-ից

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին ընդդիմադիր «Լելո» կուսակցության կողմնակից է անվանել: Կոբախիձեն ասել է՝ Գերմանիան չպետք է Ֆիշերի նման դեսպաններ ուղարկի Վրաստան։

Կոբախիձեն նաև ասել է. «Հակավրացական հայտարարություններ անող դեսպանը մեզ համար արժեք չի ունենալու»: Նա հույս է հայտնել, որ «հակավրացական հայտարարություն անող և «Լելո»-ին աջակցող Ֆիշերը միայն իր անձնական դիրքորոշումն է հայտնել»:

«Գերմանիայի դեսպանը նախընտրական քարոզարշավի նպատակով «Լելո»-ի հետ շրջան է գնացել: Նա «Լելո»-ի ղեկավարների հետ Բոլնիսի էր ժամանել: Նման անլուրջ արարքների լույսի ներքո ես չեմ կարող մեծ նշանակություն տալ այս մարդու հայտարարությանը։ Սա շատ ցավալի իրադարձություն է։ Գերմանիան, որն ավանդաբար առանձնանում է որպես պատասխանատու պետություն, չպետք է նման դեսպաններ ուղարկի այնպիսի երկիր, ինչպիսին Վրաստանն է»,- ասել է Կոբախիձեն:

Կոբախիձեն այսպիսով պատասխանել է BMG լրատվամիջոցին տված հարցազրույցում Գերմանիայի դեսպանի արտահայտած կարծիքին։ Գերմանիայի դեսպանի խոսքով, քանի դեռ «գործակալների օրենքը» ուժի մեջ է, Եվրամիությունը չի սկսելու Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները։