Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն է տարածել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և օտարերկրյա դեսպանների հանդիպման վերաբերյալ։ Կառավարության վարչակազմից հայտնում են, որ քննարկվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Ընդգծենք՝ դեսպանները հանդիպման մասին հայտարարություն դեռ չեն տարածել. կառավարությունը ևս նրանց հայտարարությունների մասին ոչինչ չի նշում:
Վարչապետը նշել է, որ օրենքը լիովին համապատասխանում է բոլոր հիմնարար իրավական սկզբունքներին և ծառայում է հասարակական կազմակերպությունների ու համապատասխան լրատվամիջոցների ֆինանսական ամենամյա բացահայտման միակ նպատակին։
«Կոբախիձեի խոսքով, երբ կառավարությունն ինքը ցույց է տալիս թափանցիկության օրինակ և հրապարակվում են կառավարության բոլոր որոշումներն ու իրավական ակտերը, անհասկանալի է, թե ինչու է անընդունելի հասարակական կազմակերպությունների կողմից թափանցիկության նվազագույն չափանիշին համապատասխանելը։
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է կառավարության լիակատար պատրաստակամությունը օրենքի վերաբերյալ բաց քննարկման համար, որպեսզի վրաց հասարակության և Վրաստանի բարեկամների մոտ որևէ հարցական նշան չմնա»,- ասված է տեղեկատվության մեջ։
Ի դեպ,Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դաննիգանին, Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկու և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Քլեյթոնի հետ։
Վրաստանի գործընկեր երկրների դեսպանները կառավարության շենք են այցելել Վրաստանի կառավարության նախօրեի հայտարարությունից հետո։ Նախօրեին վարչապետի տարածած հայտարարությունը, որին դեմ էր դուրս եկել Վրաստանի քաղաքացիական հասարակության հիմնական մասը, մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում: Վարչապետը դեսպաններին ու դիվանագետներին մեղադրել էր երկրի ներքին խնդիրներին միջամտելու ու ընդդիմության դերը ստանձնելու մեջ: