«Վարչական ռեսուրսի օգտագործում Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի ընտրությունների համար». այս վերտառությամբ միջանկյալ զեկույց է հրապարակել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
Զեկույցում նշվում է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար վարչական ռեսուրսի օգտագործումն այն պայմաններում, երբ իշխող կուսակցության և պետության միջև գիծը փաստացիորեն խզված է, էական խնդիր է արդար ընտրական միջավայրի համար։ TI-ի զեկույցում նշվում է.
- Օրենքի կիրառմամբ վարչական ռեսուրսի կիրառման օրինակներ են՝ «ռուսական օրենք»-ի ընդունումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համալրման կարգի փոփոխությունը, գենդերային քվոտայի չեղարկումը, Հակակոռուպցիոն բյուրոյի լիազորությունների ընդլայնումը, «պատվիրակների» ինստիտուտի ներդրումը և այլն:
- Գործադիր վարչական ռեսուրսի օգտագործման օրինակներ են՝ այսպես կոչված՝ անկախ կառույցների ապօրինի որոշումներ (Հակակոռուպցիոն բյուրո և Հաղորդակցության հանձնաժողով), Հաղորդակցության հանձնաժողովի կողմից քննադատող լրատվամիջոցների ճշնում, իշխող կուսակցությանը մոտ կանգնած խմբերի կողմից բռնություններ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, բռնի ազդեցություն ընտրողների կամքի վրա, քաղաքացիական ծառայողներից անձնական տվյալների հավաքագրման անօրինական սխեմա և այլն:
- Ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսների օգտագործում՝ իշխող կուսակցության թեկնածուների մասնակցություն բյուջետային գործընթացներում, քաղծառայողների մոբիլիզացիա իշխող կուսակցության նախընտրական հավաքներին։
- Ֆինանսական վարչական ռեսուրսների օգտագործում՝ բյուջետային միջոցների ծախսում իշխող կուսակցության ընտրական նպատակներով:
TI նաև առաջարկություններ է ներկայացնում արդար ընտրական միջավայր ստեղծելու համար, դրանք են.
- իշխանությունները պետք է ապահովեն ընտրական օրենսդրության կայունությունը և զերծ մնան ընտրական օրենսդրության հաճախակի փոփոխություններից, հատկապես ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում,
- անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ արտացոլել բոլոր այն չկատարված առաջարկությունները, որոնք ամեն տարի կրկնվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում,
- ցանկացած փոփոխության, որը կարող է կատարվել ընտրական օրենսդրության մեջ, պետք է նախորդի լայն խորհրդակցություններ կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, պետք է հիմնված լինի լայն կոնսենսուսի վրա և այլն:
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ: