Եվրոպամետ լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին իշխող «Վրացական երազանքը» խստացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը։
«Վրացական երազանք»-ը արագացված կարգով քննարկում է օրենքում այն փոփոխությունները, որոնց մեղադրանքով ոստիկանությունը սովորաբար բերման է ենթարկում բողոքի ակցիաների մասնակիցներին։
Նոր կանոնակարգը նախատեսում է.
- Քաղաքի տեսքը վնասելու համար տուգանքը 50 լարիից դառնում է 1000 լարի։ Կրկնակի խախտման դեպքում այն կկազմի 2000 լարի։
- Ճանապարհ փակելու համար տուգանքը 1000 լարիից կհասնի 2000-ի։
- Տրանսպորտային միջոցներով ճանապարհը փակելու դեպքում սեփականատիրոջը սպառնում է վարորդական իրավունքից 1 տարով զրկում։
- Հավաքներ կամ ցույցեր կազմակերպելու կամ անցկացնելու կանոնները խախտելու համար տուգանքը 500 լարիից դառնում է 5000 լարի։
- Վրաստանի ՆԳՆ համազգեստի ապօրինի կրելը` կպատժվի 2000 լարի տուգանքով:
- Շենքերի ճակատների, ցուցափեղկերի, ցանկապատերի, սյուների, ծառերի և բույսերի վրա տարբեր մակագրությունների, գծագրերի, խորհրդանիշների չարտոնված կիրառումը, ինչպես նաև պաստառների տեղադրումը կենթադրի տուգանք 1000 լարիի չափով։ Կրկնակի խախտման համար՝ 2000 լարի։
- Մշակութային ժառանգություն համարվող շենքերի վրա բողոք արտահայտող գրություններ անելու դեպքում տուգանքը կկազմի 2000, իսկ կրկնվելու դեպքում՝ 3500 լարի։
- Անչափահասի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում ծնողի նկատմամբ կկիրառվի տուգանք՝ 100-ից 300 լարիի չափով:
Հատկանշական է, որ փոփոխություններն ընդլայնում են նաև անձին կալանավորելու, իրերի կամ փաստաթղթերի առգրավման հիմքերը։
Ըստ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ահաբեկել քաղաքացիներին՝ անհամաչափ մեծացնելով պատժամիջոցները՝ կապված հավաքների, ցույցերի և բողոքի ակցիաների հետ։