Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վակե այգում քաղաքային նախկին իշխանությունների օրոք թույլտվություն ստացած «Բուդապեշտ» հյուրանոցը չի կառուցվի: Այս մասին Կալաձեն հայտարարել է «Բուդապեշտ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Վակեի այգին հաղթեց: Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ, ես ուզում եմ շնորհավորել Թբիլիսիին: Մենք ներդրողի հետ կարողացանք հասնել համաձայնության՝ տվյալ տեղում ոչինչ չի կառուցվի: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ակտիվիստներին, որ ներգրավված էին այս հարցում, պաշտպանում էին մեր քաղաքի կանաչ տարածքը», — ասել է Կախա Կալաձեն:
Կախա Կալաձեն նշել է, որ ներդրողը պետք է փոխհատուցվի: Օրեր առաջ քաղաքապետը վստահեցրել էր, որ թույլ չի տա, որ Վակե այգում շինարարություն սկսվի։