Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կողմից Ռուսթավելիի պողոտայի գլխավոր տոնածառի միացումը, երբ այստեղ ավելի քան 2 շաբաթ բողոքի ցույցեր են անցկացվում, «սադրանք» է։
Նախագահը Կալաձեին կոչ է անում Օրբելիանիի հրապարակում «կազմակերպել այն միջոցառումը, որը պատրաստվում է անցկացնել խորհրդարանի դիմաց»:
Տոնածառը գտնվում է Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց. վերջին 16 օրերին հազարավոր մարդիկ են հավաքվում այս վայրում՝ բողոքելու «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ և պահանջում են նոր ընտրություններ։
«Սա ակնհայտ սադրանք է, քանի որ արդեն երկու շաբաթ է՝ ինչ այդ վայրում շարունակվում է բողոքի ակցիան, իսկ վաղը, քանի որ խորհրդարանում ծաղրերգություն է լինելու, անկասկած, շատ մեծ բողոք է լինելու», — ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով, «բժիշկներն ասում են, որ Ռուսթավելիի շենքերի պատերը և ծառերը գազով են թաթախված, և ցանկալի չէ երեխաների մասնակցությունը»։
Ըստ նախագահի՝ իրադարձությունների հնարավոր զարգացման պատասխանատվությունը կրելու է Կալաձեն:
Նշենք, որ «Վրացական երազանք»-ը դելտեմբերի 14-ին միակուսակցական խորհրդարանում երկրի նոր նախագահ կընտրի:
Կալաձեն դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կմիացնեն դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամը 7-ին։
Արդեն 16-րդ օրն է՝ Ռուսթավելիի պողոտայում և Թբիլիսիի փողոցում բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք հաջորդել են Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, ըստ որի՝ Եվրամիության հետ մինչև 2028 թվականը բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չի լինի:
Ցույցեր են նախատեսված է նաև շաբաթ երեկոյան։