Վրաստանյան «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել է` քաղխորհրդի որոշմամբ կուսակցությունը հրաժարվում է պատգամավորական մանդատներից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) ցրելով ընտրացուցակները:
Կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն ասել է՝ կարևոր է, որ ներկայացուցչական մանդատ ստացած որևէ քաղաքական սուբյեկտ լեգիտիմություն չտրամադրի «Վրացական երազանք»-ի խորհրդարանին, հրաժարվի օգտագործել տրված մանդատները. դրա համար դիմել են բոլոր ընդդիմադիր սուբյեկտները:
Նա ընդդիմադիր կուսակցություններին առաջարկում է մանդատների չեղարկման ընթացակարգը սկսել ամիջապես՝ միմյանց հետ համաձայնեցնելով:
Նշենք, որ «Միասնություն — Ազգային շարժում» և «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիաները որոշել են հրաժարվել մանդատներից և չեղարկել ԿԸՀ-ում ընտրացուցակը։ Մեկ այլ ընդդիմադիր՝ «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է՝ լեգիտիմություն չի տա «Վրացական երազանք»-ի խորհրդարանին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին. ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված և գողացված, չեն ճանաչում դրանք, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել Միջազգային ընտրական վարչության կողմից։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը մնում է իշխանության չորրորդ ժամկետով։ Այս ընտրություններում բնակչության 90 տոկոսը քվեարկել է էլեկտրոնային համակարգերի միջոցով. էլեկտրոնային ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիության իրավունքի խախտումն այս ընտրությունների հիմնական բացահայտված խնդիրներից է։
Ընտրախախտումների հետաքննության անհրաժեշտության մասին խոսում են նաև Արևմուտքում Վրաստանի գործընկերները։ Միջազգային հետաքննության խնդրանքին զուգահեռ Վրաստանի դատախազությունը ԿԸՀ-ի պահանջով հետաքննություն է անցկացնում ընտրությունների ենթադրյալ կեղծիքների վերաբերյալ։ Այս գործով արդեն հարցաքննվել են ընդդիմության առաջնորդները, պետք է հարցաքննվի նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։