USAID-ի գործունեության պտուղները Ախալքալաքում

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ 90 օրով դադարեցվել են ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը ֆինանսավորել է բազմաթիվ ծրագրեր Վրաստանում, ոչ միայն լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը 23 մլն դոլար է ներդրել Վրաստանի տնտեսության մեջ միայն ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական անվտանգության ծրագրի միջոցով՝ ներառյալ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ստարտափները, վրացական գինու խթանումը, գյուղատնտեսական արտահանման ավելացումը, առցանց առևտուրը, թեթև արդյունաբերությունը և թափոնների վերամշակումը: Աջակցել է նաև մարզային դպրոցների և հիվանդանոցների, ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ծրագրերին:

Ծրագրեր` տնտեսության ոլորտում

2022 թվականին ավարտվեց 3 տարի տևած USAID-ի Կարտոֆիլի ծրագիրը, որը իրականացվել էր Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում։

Ծրագրի շրջանակներում Ախալքալաքում բացվել է կլիմայի վերահսկմամբ սառնարանային պահեստ, որը վերահսկում է ջերմաստիճանը, խոնավությունը և CO2-ը: Պահեստը կառուցվել է գերմանական տեխնոլոգիաներով։ Պահեստի տարածքը 200 քռ/մ է, որտեղ հնարավոր է պահել 300-ից մինչև 350 տոննա կարտոֆիլ։ Ծրագրի շրջանակներում ստեղծված բոլոր ենթակառուցվածքները կմնան ֆերմերներին, ծրագրի մասնակիցներին։

Ծրագրին մասնակցել է 11 կին շահառու, ընդհանուր առմամբ ծրագիրն օգնել է շուրջ 4000 շահառուի, 2000 ֆերմերի, մասնագետների և ուսանողների, ովքեր մասնակցել են ծրագրի շրջանակներում անցկացվող տեղեկատվական հանդիպումներին։

Կրթական ծրագրեր

English Access Microscholarship ծրագիրը ևս անորոշ ժամանակով կանգնեցվել է: Ծրագրի շրջանակներում 14-17 տարեկան երիտասարդները 2 տարվա ընթացքում անգլերենի անվճար դասեր էին անցնում։ Նպատակը նրանց նաև ամերիկյան մշակույթին, սովորույթներին ծանոթացնելը և առաջնորդի հատկանիշները զարգացնելն է: Ծրագրում ընդգրկվում են տարբեր մունիցիպալիտետներից` Ախալքալաքից և Նինոծմինդայից 25 երիտասարդներ, ովքեր նախնական թեստավորման հիման վրա բաժանվում են 2 խմբի:

Խնդիրների բարձրաձայնում

2023 թվականի վերջին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի վրաստանյան գրասենյակի, լրատվամիջոցների, քաղհասարակության ներկայացուցիչներ և Քվեմո Քարթլիից քաղաքացիական ակտիվիստներ երեք օր շարունակ հանդիպումներ են ունեցել Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիապալիտետների հինգ գյուղերում և երկու երիտասարդական կենտրոնում: Հանդիպումներ են կայացել Ախալքալաքի Կարտիկամ, Խուլգումո, Վաչիան, և Նինոծմինդայի՝ Սպասովկա և Փարվանի գյուղերում։

Ի դեպ, Վրաստանի իշխանությունը, այդ թվում ՊԱԾ-ը, USAID-ին բազմիցս մեղադրել են պետական հեղաշրջման փորձի ֆինանսավորման մեջ: