ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) Վրաստանի իշխանություններին կոչ է արել իր ժամանակին վերականգնել ուսումնական գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմակերպության տեղի գրասենյակը:
«Որքան շատ են աշակերտները մնում առանց դպրոցի, այնքան շատ են ենթարկվում տարբեր ռիսկերի: Սա ակտուալ է հատկապես խոցելի երեխաների համար: Իրավիճակի բարելավման ու սահմանափակումների վերացման պարագայում երեխաները պետք է ժամանակին վերադառնան կրթության սովորական ռեժիմին», — ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ տարբեր երկրների փորձը ցույց է տվել` դպրոցները «վարակի տարածման հիմնական աղբյուր չեն», ավելին` չկա որևէ ապացույց, որ ուսումնական հաստատությունների փակելը որևէ կերպ ազդել է վարակի տարածման արագության վրա: Սակայն արդեն ակնհայտ է, որ այդ սահմանափակումները բացասաբար են ազդել երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջության, սննդի ռեժիմի, առաջադիմության վրա:
Հիմնադրամը գտնում է, որ որոշումը պետք է կայացվի` հաշվի առնելով երեխաների շահերն ու հանրության առողջական վիճակը, պետք է հաշվի առնվեն ռիսկերը: Կազմակերպությունը նաև մի քանի կետով ներկայացրել է ուսումնական հաստատությունների անվտանգ վերաբացման որոշ խորհուրդներ՝
- ադեկվատ սանիտարահիգիենիկ հսկողություն,
- հեռավորության ապահովում, մեծ հավաքների բացառում,
- ուսումնական օրվա սկզբի ու ավարտի գրաֆիկի վերանայում,
- դպրոցներում ճաշի համար հատկացված ժամանակի փոփոխություն,
- բացօթյա դասերի անցկացում,
- հերթափոխով դասընթացի կազմակերպում։
Հիշեցնենք` Վրաստանի կառավարությունն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված` 2 անգամ երկարաձգել է գարնանային արձակուրդները, ապա աշակերտներն անցել են հեռավար կրթության:
Դեռևս չի հստակեցվում` նոր ուսումնական տարին այս աշնանը ժամանակին մեկնարկելու է թե ոչ: Չի բացառվում խառն ուսուցումը. այսինքն որոշ պարապմունքներ հեռավար լինեն, որոշները` դասասենյակում: