ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագիրը (UNAIDS) մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք»-ի ընդունած հոմոֆոբ, գրաքննիչ օրենքի առնչությամբ և իշխանություններին կոչ է արել չեղարկել որոշումը։
Հայտարարության համաձայն՝ օրենքը լուրջ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության և մարդու իրավունքների առումով։
UNAIDS-ը հայտարարել է, որ սատարում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հայտարարությունը, ըստ որի` օրենքը սահմանում է խտրական սահմանափակումներ կրթության, հանրային քննարկումների և հավաքների նկատմամբ՝ կապված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ:
«Այս խտրական օրենքները խախտում են ինքնավարության, արժանապատվության և հավասարության հիմնարար իրավունքները, ավելացնում են խարանը և թույլ չեն տալիս ԼԳԲՏ համայնքին օգտվել հիմնական առողջապահական ծառայություններից: Սա խաթարում է ՁԻԱՀ-ի վերացման և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Վրաստանի ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ ընդգծված է, որ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականություն ներկայացնող օրենքները տեղ չունեն ժամանակակից հասարակության մեջ։
Այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեց ստորագրել հոմոֆոբ օրենքը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց օրենքը։ Գրաքննության մասին օրենքների փաթեթը խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 17-ին. վերջինս բաղկացած է մեկ հիմնական և 18 այլ օրենքներից։