Վրաստանյան քննադատական «TV Պիրվելի» հեռուստաընկերության (ՀԸ) «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդաշարն աղմկահարույց լրագրողական հետաքննություն է իրականացրել, որում ձայնագրությունների հիման վրա պարզ է դառնում, թե 2024 թվականի «գործակալաների օրենք»-ի դեմ խաղաղ ցույցերի ժամանակ՝ ով է հատուկ հանձնարարություն տվել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին («Խարեբա»):
Բացառիկ ռեպորտաժում, որի համար լրագրողները ձեռք են բերել «ռեյդի» պաշտոնական ձայնագրությունը, հստակ լսվում է՝ «գազը արձակե՛ք»։ Ձայնագրությունները վկայում են, որ ոստիկանները ցույցի մասնակիցների դեմ քիմիական խառնուրդ են կիրառել՝ ջրի շիթերի հետ միասին։
Նշվում է, որ հենց Խարազիշվիլին է ցույցերի ժամանակ ստացել և տվել բոլոր առաջադրանքները։ «TV Պիրվելի»-ի ձեռք բերած ձայնագրություններում լսվում է նաև ՆԳ փոխնախարար Իոսեբ Ճելիձեի («Մոզգի»), «Խարեբա»-ի տեղակալ Միլերի Լագազաուրիի, Միրզա Կեզևաձեի և հատուկ նշանակության ջոկատի արդեն նախկին ղեկավար Կախա Ճումբուրիձեի ձայնագրությունները։ Ձայնագրությունները հաստատում են՝ ցույցը դաժանաբար ցրելուն մասնակցել է ՆԳ փոխնախարար Իոսեբ Ճելիձեն:
Տեղեկության համաձայն, համակարգն աշխատել է այսպես.
- ՆԳ նախարար Վախթանգ Գոմալեուրին շփվում էր երկու անձի հետ՝ իր տեղակալ «Մոզգի»-ի և «Խարեբա»-ի հետ. թեև Ճելիձեն ուղղակիորեն ղեկավարել է ցույցերը ճնշելը։
- Ձայնագրության մեջ հստակ լսվում է, որ Ճելիձեն «Խարաբա»-ին հատուկ ջոկատայիններին հետ կանչելու հրաման է տալիս։ Ձայնագրությունում հետո հրահանգ է լսվում, որով հրահանգվում է՝ հատուկ նշանակության ջոկատների տեղափոխում «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակ:
Նշվում է նաև, որ «Խարեբա»-ն չի գործել առանց Ճելիձեի, հետևաբար՝ Ճելիձեն տեղեկացված է եղել, որ հատուկ նշանակության ջոկատի պետը հրահանգ է տալիս ջրցան մեքենայի միջոցով նաև գազ արձակել:
Հատուկ նշանակության ջոկատի պետը Ճումբուրիձեին է հրահանգել գազ լցնել ջրցան մեքենայի մեջ։ Ճումբուրիձեն այլևս հատուկ նշանակության ջոկատի ղեկավարներից չէ. համակարգից հեռացել է գործողությունների ավարտից անմիջապես հետո։
«TV Պիրվելի»-ին պարզել է, որ ջրային շիթեր արձակող մեքենան ունի երկու արտանետման ջրամբար. մեկը՝ ջրի, մյուսը՝ այլ իրերի համար։
Նշենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն օրերս հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ «քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը» նախատեսում են ընտրություններից առաջ արհեստական ինտելեկտով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով կեղծ տեսանյութեր/ձայնագրություններ տարածել։
ՊԱԾ-ը, հավանաբար՝ հենց հտաքննող լրագրողների ձեռքում հայտնված այս ձայնագրություններն է նկատի ունեցել: ՊԱԾ-ի նախապես արված հայտարարությունում փորձագետները նշել էին, որ ամենայն հավանականությամբ, եղել է ինֆորմացիայի կամ ձայնագրության արտահոսք, որն էլ պատճառ է հանդիսացել նախազգուշացման, որպեսզի նրանք տեղկությունն ընկալեն որպես կեղծիք: