Ուկրաինայում Պուտինի հաղթանակը կուժեղացնի Իվանիշվիլիին. Հերբսթ

Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը միայն կուժեղացնի Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին Radiotavisupleba լրատվամիջոցին ասել է «Ատլանտյան խորհրդի» Եվրասիայի կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը:

«Ատլանտյան խորհրդի» Եվրասիայի կենտրոնի տնօրեն, Ուկրաինայում ԱՄՆ դեսպան (2003-2006 թթ.) Ջոն Հերբսթը խոսել է Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի հնարավոր քաղաքականության և Վրաստանի մասին։

Նրա կարծիքով՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կփորձի որքան հնարավոր է շուտ ընդհանուր լեզու գտնել Թրամփի հետ, «կփորձեն արագ հասնել Թրամփին»:

«Նրանք հույս ունեն, որ (Հունգարիայի վարչապետ Վիկտոր-հեղ.) Օրբանը օգնության ձեռք կմեկնի այս հարցում, և ոչ առանց պատճառի։ Հավանաբար՝ հույս ունեն, որ այս կերպ կկարողանան փոխել ամերիկյան քաղաքականությունը, որը բավականին քննադատաբար է վերաբերվում «Վրացական երազանք»-ին, թեև քննադատությունը մնում է հռետորաբանության մակարդակում», — ասել է Հերբսթը։

Ըստ Հերբսթի՝ «Վրացական երազանք»-ը նման փորձ արել է Թրամփի առաջին ժամկետի ժամանակ. «Բայց քաղաքականությունը չփոխվեց, ուստի՝ նրանք հիասթափվեցին, բայց ես կարծում եմ, որ Թրամփի վերադարձը նրանց բախտը նորից փորձելու նոր խթան է տալիս»: