Ուիլսոնը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հերթական անգամ կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի նկատմամբ։

Ուիլսոնը նշել է՝ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել այն ինստիտուտների նկատմամբ, որոնք կառավարում են Իվանիշվիլիի ակտիվները։

«Ես Եվրամիությանը և Միացյալ Թագավորությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և մտերիմ ընկերների նկատմամբ: Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն հաստատությունների դեմ, որոնք կառավարում են իր (նկատի ունի Իվանիշվիլիի — հեղ.) ապօրինի հարստությունը: Թրամփը կուղղի դա», — X սոցիալական ցանցում գրել է Ուիլսոնը։

Նշենք, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC): ԱՄՆ-ի որոշման արդյունքում, պարզաբանել է OFAC-ը, Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ քաղաքացիների կողմից, կարգելափակվեն (այսինքն՝ կսառեցվեն):