ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի և հարազատների նկատմամբ։
Նամակը, որը Ուիլսոնը դեկտեմբերի 30-ին ուղարկել է պետքարտուղարի թեկնածու սենատոր Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցին, ձեռք է բերել ամերիկյան Fox News պարբերականը։
«Ես գնահատում եմ այն արդյունավետ համագործակցությունը, որը մենք ունեցել ենք տարիների ընթացքում տարբեր հարցերի շուրջ, ներառյալ մեր աշխատանքը Կովկասում և Վրաստանում… Այս ներգրավվածությունը անգնահատելի է եղել ԱՄՆ-ի շահերն առաջ մղելու և մեր ընդհանուր արժեքները պաշտպանելու համար: Մեր հավաքական աշխատանքը, ներառյալ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, կարևոր առաջընթաց էր։ Սա հարվածում է Վրաստանի դե ֆակտո կառավարության ապակողմնորոշիչ նարատիվին, թե իրենց չինամետ, իրանամետ և ռուսամետ շահերի հետ համադրումն ընդունելի կլիներ նախագահ Թրամփի կամ ԱՄՆ որևէ վարչակազմի համար», — գրել է Ուիլսոնը։
Նա ԱՄՆ ապագա նախագահի վարչակազմին կոչ է անում օգտագործել օրենքով նախատեսված մեխանիզմները՝ բացահայտելու պատժամիջոցներից խուսափելու Վրաստանի քայլերը, ինչպես նաև հայտնաբերելու «զանգերի կենտրոններ»-ը և «Վրացական երազանք»-ի այլ անօրինական գործողությունները:
Հիշեցնենք. 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց միլիարդատեր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: