ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը «Վրացական երազանք»-ի կողմից երկրի նախագահ ընտրված Միխեիլ Կղավելաշվիլիին անվանել է «ռուսական խամաճիկ» և հավելել, որ սատարում է գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
«Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի օրինական նախագահը։ Ես բարձր եմ գնահատում նրա քաջությունը՝ ընդդիմանալը ոչ լեգիտիմ կառավարությանը, որը փորձում է վրացիների գլխին դնել ռուս խամաճիկ նախագահին։ Նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ #MEGOBARI», — X հարթակում գրել է Ուիլսոնը։
«Վրացական երազանք»-ի կողմից Կղավելաշվիլիի նախագահ ընտրվելը քննադատության են ենթարկել նաև եվրոպացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն, Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը և ուրիշներ։
Կղավելաշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: