Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ ուղղափառությունը որպես պետական կրոն հռչակելը քաղաքական քայլ է և մի շարք վտանգներ է պարունակում. այդ վտանգներից են եկեղեցու անկախության ոտնահարումն ու եկեղեցուն քաղաքական «խոսափող» դարձնելը: Այս տեսակետին են հակված վրացի որոշ փորձագետներ, ընդդիմադիրներ, աստվածաբաններ ու հոգևորականներ:
«Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելու պատճառներից մեկը, հավանաբար, հենց ուղղափառությունը որպես պետական կրոն հռչակելն է նշելու: Աստվածաբաններն ու հոգևորականները կարծում են, որ պետական կրոնի հռչակումը կթուլացնի եկեղեցին, ոչ թե կուժեղացնի:
«Վրացական երազանք»-ը երկար տարիներ կրկնում է, որ քաղաքական հակառակորդները փորձում են մերժել վրաց ուղղափառ եկեղեցին, իսկ իրենք՝ իշխող թիմը, պաշտպանում են եկեղեցին ու հավատը:
Օգոստոսի 25-ին Ամբիբրոլաուրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կրկնել է երեք խոստում, որը վրացական երազանքը կկատարի սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելու դեպքում: Իվանիշվիլին չէր հստակեցրել չորրորդ կետը, բայցև նշել էր՝ այդ կետը Վրաստանի համար գոյություն ունեցող «կարևոր խնդիրներից է»:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ը փորձում է եկեղեցու ինստիտուտը վերածել նախարարության: Կոնֆլիկտաբանն ընդգծեց՝ առանց պետական կրոնի հաստատման էլ Վրաստանում բոլորն ընդունում են եկեղեցին:
Զաքարեիշվիլիի խոսքով, պետական կրոնի հռչակումը հօգուտ եկեղեցուն արված քայլ չէ` քաղաքական քայլ է. նախընտրական շրջանում փորձում են շահել ժողովրդի սիրտը, սակայն հնարավոր է` հակառակը լինի, քանի որ Վրաստանում եկեղեցին դարեր շարունակ անկախ ինստիտուտ է եղել:
«Պետական կրոնի հռչակումը, բացի գեղեգիկ խոսքերից, այլ դրական տարր չունի: Սա խայտառակություն է: «Վրացական երազանք»-ը կարծում է, թե պետական կրոն հռչակելով կշահի քաղաքացիների սիրտը. քաղաքացիները կկարծեն, թե իշխանությունը հոգատար է եկեղեցու հանդեպ, ինչը, իհարկե՝ այդպես չէ: Որքան անկախ է եկեղեցին, այդքան ավելի արդյունավետ է նրա գործունեությունը»,- ասաց կոնֆլիկտաբանը:
Նկատենք, որ ուղղափառությունը որպես պետական կրոն հռչակելուն թերահավատորեն են նայում նաև հոգևորականները: Նրանցից ոմանց խոսքով, ուղղափառությունը պետական կրոնի վերածումը եկեղեցուն կդնի պետական մարմնի ենթակայության տակ:
«Վրաստանում ուղղափառությունը պետական կրոն դարձնելը, ըստ էության, կնշանակի եկեղեցու ինստիտուցիոնալ ենթակայություն պետական մարմնին»,– օգոստոսի 28-ին գրել էր Դմանիսիի և Ագարակ-Տաշիրիի թեմի արքեպիսկոպոս Զենոն Իարաջուլին:
Վրաստանի Պատրիարքարանը կառավարությունից ուղղափառությունը պետական կրոն հռչակելու վերաբերյալ առաջարկ է ստացել։ Ըստ տարբեր աղբյուրների` Պատրիարքարանում այս հարցի շուրջ հանդիպումներ են ընթանում:
Հայտնի է, որ ինչպես 2002 թվականին, հիմա էլ այս առաջարկին դեմ է պատրիարք Իլիա Երկրորդը, քանի որ, նրա կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա, և նման պատմական պահ երկրում չի հասունացել։
Եկեղեցու հոգևորականների թերահավատ վերաբերմունքը չի զարմացրել աստվածաբան Բեքա Մինդիաշվիլիին: Նա այդպիսի մոդելն անվանում է պետության և եկեղեցու միջև «բացարձակապես անընդունելի և անհամատեղելի» փոխհարաբերություն:
Մինդիաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի նախաձեռնությունը կլինի «ավտորիտարիզմի ձևավորման փորձ»:
«Նման ցանկության դեմ միշտ կլինի եկեղեցու ճիշտ դիրքորոշումը, որ դա (ուղղափառությունը պետական կրոն հռչակելը — հեղ.) կնշանակի եկեղեցու անկախության կորուստ, կնշանակի` պետության ուղղակի ներխուժում եկեղեցու ինքնուրույնության մեջ»:
Նկատենք նաև, որ ուղղափառությունը պետական կրոն հռչակելը, եթե դա տեղի ունենա, ինքնաբերաբար երկրորդական կարգավիճակ կտա այլ կրոնական դավանանքներին։
Ազգային վիճակագրական ծառայության վերջին՝ 2014 թվականի մարդահամարի տվյալներով, Վրաստանի բնակչության 16,6 տոկոսը կամ մոտ 616 հազար մարդ ուղղափառ չէ։ Գերակշռում են մահմեդականները (10,74 տոկոս) և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները (2,94 տոկոս)։